Հարսանիքներն ու նշանդրեքները Բարեկենդանի անբաժան ուղեկիցներն էին: Դրանք, իրենց հերթին, նոր թափ էին հաղորդում տոնի ուրախությանը: Ուրախ պարերը Բարեկենդանի խնջույքների անբաժան ուղեկիցներն էին: Պարերը սկսվում էին առաջին օրը և օրեցօր աշխուժանում, բազմամարդ դառնում ինչպես կատարողներով, այնպես էլ հանդիսատեսներով, խրախուսողներով: Հատկապես վերջին շաբաթ – կիրակի օրերը դրանք դառնում էին համընդհանուր, համագյուղական, համաթաղական: Պարում էին ինչպես զուռնա — դհոլի նվագի տակ, այնպես էլ պարերգերի, որ բազմաթիվ էին: