Գետ է կոչվում, ջրային բնական
հոսքը, որպես կանոն քաղցրահամ ջրով, որը հոսում է դեպի օվկիանոս, ծով, լիճ կամ այլ գետ։ Որոշ դեպքերում գետը կարող է անցնել հողի մեջ կամ չորանալ, մինչև այլ ջրային օբյեկտի հասնելը։
Լիճ, երկրի մակերևույթի ջրով լցված գոգավորություն, որը կապված չէ օվկիանոսի հետ։ Լճերի համապարփակ հետազոտություններով զբաղվում է լիմնոլոգիան կամ լճագիտությունը։ Լճերը երկրի մակերևույթի վրա զբաղեցնում են գումարային 2.7 միլիոն քառ. կմ կամ ցամաքի 1.8 տոկոսը։ Խոշոր լճերին հաճախ անվանում են ծովեր (օր.՝ Կասպից ծով կամ լիճ, Արալյան ծով կամ լիճ, Մեռյալ ծով կամ լիճ)։ Երկրագնդի ամենամեծ լիճը Կասպից ծովն է, իսկ ամենախորը՝ Բայկալը (առավելագույն խորությունը 1620 մ է)։
Օվկիանոս, աղի ջրի ահռելի զանգված, ջրոլորտի հիմնական բաղադրիչը։ Երկրագնդի մակերևույթի մոտ 70%–ը (մոտ 361 միլիոն կմ²) ծածկված է օվկիանոսով՝ ջրային անընդհատ զանգվածով, որը պայմանականորեն տարաբաժանվում է մի քանի հիմնական օվկիանոսների և ավելի փոքր ծովերի։ Այս մակերեսի կեսից ավելին ունի 3.000 մետրից ավել խորություն։ Օվկիանոսային միջին աղիությունը կազմում է մոտ 3,5%, և գրեթե ամբողջ ծովաջրի աղիությունը ընկած է 3,1% և 3,8%–ի միջև։