Նկարագրել Վանի թագավորությունը։
Վանի թագավորություն, պետություն Հայկական լեռնաշխարհում՝ մ.թ.ա. 9-6-րդ դարերում։ Թագավորության արքաների թողած արձանագրություններում երկիրը կոչվում է «Բիայնիլի», երբեմն՝ «Նաիրի» ասորեստանյան աղբյուրներում այն հիշատակվում է որպես «Ուրարտու», իսկ Աստվածաշնչում՝ «Արարատյան թագավորություն» անուններով։
Թագավորության հիմնադիր արքա է հիշատակվում Արամեն, որը կառավարել է մ․թ․ա 860-840 թվականներին։ Նրա մասին տեղեկություններ են պահպանվել Ասորեստանի Սալմանասար Գ թագավորի (մ.թ.ա. 859-824) արձանագրություններում։ Արամեին հաջորդել է Լուտիպրին մ.թ.ա. 844-834թթ., այնուհետև Սարդուրի Ա-ն, որը մ․թ․ա․ 830-ական հզորացրել է երկիրը և Վանա լճի ափին հիմնել Վան (Տուշպա, Տոսպ) մայրաքաղաքը, որի անունից էլ առաջացել է թագավորության անունը՝ Վանի թագավորություն։ Սարդուրի Ա-ին հաջորդում է Իշպուինին, որը իր որդի Մենուայի հետ իրականացնում է մի շարք բարեփոխումներ և շարունակում հզորացնել երկիրը։ Վանի թագավորությունը իր հզորության գագաթնակետին է հասել Արգիշտի Ա-ի գահակալման ժամանակաշրջանում (մ.թ.ա. 786-764)։ Նա կազմակերպել է մի շարք արշավանքներ դեպի Ասորեստան և այլ երկներ։ Նա շրջափակման մեջ է գցել Ասորեստանը, որի հետևանքով հակառակորդի զորավարները սարսափում էին նրանից և ասում, որ «նրա անունը հնչում է ինչպես ծանր հողմ»։ Արգիշտի Ա-ից հետո գահը անցնում է նրա որդի Սարդուրի Բ-ին,որը նույնպես շարունակում է տարածքային նվաճումները։ Սարդուրի Բ-ից հետո երկրում սկսում է անկման ժամանակաշրջան, որի ժամանակ գահակալում են Ռուսա Ա-ն, Արգիշտի Բ-ն, Ռուսա Բ-ն, Սարդուրի Գ-ն, Սարդուրի Դ-ն, Էրիմենան, Ռուսա Գ-ն և Ռուսա Դ-ն։ Թագավորությունը վերջնական անկում է ապրում մ․թ․ա 590 թվականին։
| Արքայի անունը | Անվան տարբերակները | Հոր անունը | Թագավորության տարիներ | Մանրամասներ |
|---|---|---|---|---|
| Արամե | Արամ, Արամու, Արամա | 859-843 | Վանի թագավորության առաջին հիշատակված արքան | |
| Լուտիպրի | մոտ 844-834 | |||
| Սարդուրի Ա | Սարդուր, Սիդուր, Սեդուրի, Զարդուրի | Լուտիպրի արքայի որդին | 835-825 | Վանի թագավորության հզոր արքաների հարստության հավանական հիմնադիրը։ |
| Իշպուինի | Իշվուին, Իսպոուին | Սարդուրի Ա արքայի որդին | 825-810 | Սկզբում իշխել է միահեծան, ապա որդու՝ Մենուայի հետ միասին։ |
| Մենուա | Մինուա | Իշպուինի արքայի որդին | 810 — 786 | Ընդարձակել է Վանի թագավորության տարածքը, ստեղծել լայն ոռոգման ցանց։ |
| Արգիշտի Ա | Արգիստ | Մենուա արքայի որդին | 786 — 764 | Արգիշտի Ա-ի օրոք Վանի թագավորությունն իր հզորության գագաթնակետին էր հասել։ Հիմնել է Էրեբունի քաղաքը։ |
| Սարդուրի Բ | Սարդուր, Սիդուր, Սեդուրի, Զարդուրի | Արգիշտի Ա արքայի որդին | 764 — 735 | Սարդուրի Բ-ն ընդարձակել է միապետության սահմանները, հզորացրել բանակը։ |
| Ռուսա Ա | Ռուշա, Ուրսա, Վեդիպրի | Սարդուրի Բ արքայի որդին | 735-710-ական | |
| Արգիշտի Բ | Արգիստ | Ռուսա Ա արքայի որդին | 710-ական-685 | |
| Ռուսա Բ | Ռուշա, Ուրսա | Արգիշտի Բ արքայի որդին | 685-645 | |
| Սարդուրի Գ | Սարդուր, Սիդուր, Սեդուրի, Զարդուրի | Ռուսա Բ արքայի որդին | մոտ. 643 | |
| Սարդուրի Դ | Սարդուր, Սիդուր, Սեդուրի, Զարդուրի | Սարդուրի Գ արքայի որդին | մոտ. 625 — 620 | |
| Էրիմենա | Արաման | մոտ. 620 — 605 | ||
| Ռուսա Գ | Ռուշա, Ուրսա | Էրիմենա թագուհու որդին | մոտ. 605 — 595 | |
| Ռուսա Դ | Ռուշա, Ուրսա | Ռուսա Գ արքայի որդին | մոտ. 595 — 585 |
Բանավոր ներկայացնել նրանցից մի քանիսին։
Վանում իշխող արքայատոհմից հետո ովքե՞ր եկան իշխանության։
Երվանդունիների թագավորություն, պետություն Հայկական լեռնաշխարհում մ.թ.ա. 570 — մ.թ.ա. 201 թվականներին։ Կառավարել է Երվանդունիների թագավորական տոհմը՝ Մեծ Հայքի երեք թագավորական հարստություններից մեկը։ Տարածքը կազմել է նվազագույնը 200 000 քառ. կմ (Երվանդ Վերջինի գահակալման տարիներին մ.թ.ա. 220-201 թվականներ), առավելագույնը՝ 400 000 քառ. կմ՝ Տիգրան Երվանդյանի օրոք (մ.թ.ա. 560-535 թվականներ)։
Առաջին շրջանում մայրաքաղաքն էր Վանը՝ Վանի թագավորության արքաների նստավայրը։ Մ.թ.ա. 6-րդ դարում Հայաստանը վերածվում է Աքեմենյան պետության մարզի։ Նրա տարածքում առաջանում են երկու սատրապություններ։ Արևմտյան Հայաստանի մայրաքաղաքը շարունակում է մնալ Վանը, իսկ Արևելյան Հայաստանի վարչաքաղաքական կենտրոնն է դառնում Էրեբունին (Երևան)։ Աքեմենյան իշխանությունը տևում է երկու դար (մ.թ.ա. 522-331 թվականներ)։
Ալեքսանդր Մակեդոնացու արևելյան արշավանքից հետո Աքեմենյան կայսրությունը անկում է ապրում, իսկ Հայաստանը անկախանում է։ Երվանդ Գ արքան մայրաքաղաքը տեղափոխում է Արմավիր (մ.թ.ա. 331 թվական), իսկ Երվանդ Վերջինը կառուցում է Երվանդաշատ մայրաքաղաքը (մ.թ.ա. 220 թվական)։